
«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Վիեննայում հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ Ռայզինգերին։
Ռայզինգերը մամուլի ասուլիսում ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է «Վրացական երազանք»-ի կողմից եվրաինտեգրման դադարեցումը, 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների խախտումները և բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների բռնությունները։
«Ցավոք սրտի, մենք շատ բարդ թեմաներ քննարկեցինք այսօր: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու ուղուն, ապա Վրաստանը սկսել է հետընթաց ապրել: Սա ցավալի է և՛ ավստրիական, և՛ եվրոպական տեսանկյունից: Մենք տեսնում ենք հետընթաց արդարադատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումներում»,- ասել է Ավստրիայի արտգործնախարարը:
Ռայզինգերը նշել է նաև, որ քաղաքացիական հասարակության մասին սահմանափակող օրենքների ընդունումը մտահոգիչ է, և այս և այլ պատճառներով Եվրամիությունը կասեցրել է 120 միլիոն եվրոյի ուղղակի օգնությունը Վրաստանի կառավարությանը։
«Ես իմ վրացի գործընկերոջը հայտնեցի, որ մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը: Վրաստանի իշխանությունները պետք է հարգեն հավաքների և արտահայտվելու ազատությունը և զերծ մնան ուժի կիրառումից: Բռնության բոլոր գործողությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», — ասել է Ռայզինգերը:
Նախարարը նաև բոլոր պատասխանատու քաղաքական դերակատարներին կոչ է արել լուծել տարաձայնությունները և բևեռացումը։