Բռնություն են գործադրել շտապ օգնության բժշկի նկատմամբ

Գորիում, Շինդիսի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկից շտապ օգնություն ահազանգ է գրանցվել: Դեպքի վայր ժամանած բժիշկ Մայա Նաոճաշվիլիի խոսքերով, 50 տարեկան կինը ֆիզիկական բռնություն է գործադրել, ապա վնասել է բժշկական գույքը:

Շտապ օգնության խումբը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

«Չհասկացա, թե որն էր ագրեսիայի պատճառը: Նա նախ հարձակվեց ինձ վրա, ապա բժշկական սարքավորումները վնասեց: Մեր խմբում նաև հղի կին կար, վախենում էինք նրան էլ չվնասի: Դրդապատճառը պարզ չէ, անհեթեթ պատճառներ էր ասում՝ իբր անցած կանչին իր ամուսնուն սխալ ներարկում ենք արել, սակայն չգիտեր էլ, թե անցած անգամ ես եմ կանչի գնացել, թե ուրիշն է եղել», — ասում է բժիշկը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով: