Բռնի գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ. Հերչինսկի

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Թբիլիսիի Մարդու իրավունքների տուն կատարած այցի ժամանակ ասել է, որ Վրաստանում կատարվող բռնի գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ:

«Իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվիստների, լրագրողների ու քաղաքական գործիչների նկատմամբ բռնի գործողությունները, ահաբեկումներն ու սպառնալիքները, որոնք այժմ տեսնում ենք Վրաստանում, զզվելի են և ակնհայտորեն անհամատեղելի են հիմնարար ժողովրդավարական արժեքների հետ»,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպանը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը հաստատակամորեն կանգնած է նրանց կողքին, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները Վրաստանում և ամբողջ աշխարհում։

Նա նաև անդրադարձել է պատժամիջոցների սահմանման գործառույթին։

«Ես միշտ ձեզ հետ շատ պարզ եմ եղել, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցների քաղաքականությանը: Դա շատ դժվար է Եվրամիության համար, քանի որ դրա համար անհրաժեշտ է 27 երկրների միաձայնություն: Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում վերջին 12 օրվա ընթացքում, հստակորեն պահանջում է պատժամիջոցներ: Իմացեք, որ մենք կաշխատենք այդ ուղղությամբ՝ պատժամիջոցներ կսահմանենք և կհասնենք միաձայնության»,- ընդգծել է Հերչինսկին: