Բրիտանական պատժամիջոցներ ՆԳ նախարարի, «Խարեբա»-ի և այլ անձանց նկատմամբ

Դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի և գերատեսչույթան 4 այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Ըստ բրիտանական կառավարության՝ նրանք պատժամիջոցների են ենթարկվում, քանի որ պատասխանատու են լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումների համար։ Պատժամիջոցների են ենթարկվել.

  • Վախթանգ Գոմելաուրի — ՆԳ նախարար,
  • Ալեքսանդր Դարախվելիձե — ՆԳ նախարարի առաջին տեղակալ,
  • Սուլխան Թամազաշվիլի — Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն,
  • Զվիադ Խարազիշվիլի («Խարեբա») — Հատուկ առաջադրանքների վարչության պետ,
  • Միլլերի Լագազաուրի — Հատուկ առաջադրանքների վարչության պետի տեղակալ:

Հայտարարության մեջ նշված է, որ պատժամիջոցները կիրառվում են «ԱՄՆ-ի հետ համաձայնեցված գործողություններով»։

Պատժամիջոցները, ըստ բրիտանական կառավարության, ներառում են Միացյալ Թագավորություն մեկնելու արգելքներ և անշարժ գույքի սառեցում: Բրիտանական կառավարությունը գրել է. «Վրաստանի իշխանությունները սկսել են համակարգված ճնշումներ ցույցերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ այն բանից հետո, երբ հասարակությունը դիմադրեց «Վրացական երազանք»-ի որոշմանը՝ կասեցնել երկրի առաջընթացը դեպի եվրոպական ապագա»։

Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերի 22-րդ օրն է: Ցույցերի ընթացքում ոստիկանության աշխատակիցները բռնության են ենթարկել բազմաթիվ մարդկանց և՛ ձերբակալության ժամանակ, և՛ դրանից հետո։ Ծեծի են ենթարկել նաև լրագրողներին։