
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) նախկին դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի նկատմամբ։
Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում ասվում է, որ «Բիբիլովը մասնակցում կամ մասնակցել է Ուկրաինայի ապակայունացմանը, որը խաթարում կամ սպառնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը կամ անկախությանը»:
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և Միացյալ Թագավորություն մեկնելու արգելք:
Նշենք, որ Բիբիլովը սերտ կապեր էր պահպանում Դոնեցկի և Լուգանսկի անջատողականների հետ նույնիսկ մինչև ռուսական լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա: 2022 թվականի մայիսին կայացած «նախագահական ընտրություններում» պարտվելուց անմիջապես հետո Բիբիլովը մեկնել է Դոնեցկ, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, բիզնես շահեր ունի։ Բիբիլովը նաև ակտիվ կապեր է պահպանում օս մարտիկների հետ, որոնք մասնակցում են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին ռուսական զինված ուժերի և կամավորական խմբերի կազմում։