Վրաստանում Մեծ Բրիտանիայի (Միացյալ Թագավորություն) արտակարգ և լիազոր դեսպան Գարետ Ուորդը «Interpressnews»-ին տված հարցազրույցում ասել է, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ բրիտանական կողմը որոշել է սառեցնել բարձր մակարդակի «Wardrop Dialogue» ամենամյա նիստը նախարարների միջև։
Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Վրաստանի կառավարությունը կվերադառնա արևմտամետ կուրսին, և կողմերի միջև վստահությունը կվերականգնվի։
«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք ամրապնդելու նպատակով Վրաստանի դիմադրողականությունը և մեր ընդհանուր բարգավաճումը, բայց Վրաստանի կառավարությունն այլ ուղի ընտրեց։ Հուսով եմ, կառավարությունը կփոխի իր մոտեցումը, ինչն ինձ թույլ կտա վերականգնել լավատեսությունը։
10 տարվա ընթացքում առաջին անգամ մենք՝ բրիտանական կողմը, որոշել ենք սառեցնել ամենամյա բարձր մակարդակի «Wardrop Dialogue»-ը նախարարների միջև։ Երկխոսության ձևաչափի հաստատումից հետո սա առաջին դեպքն է։ Մենք նաև չեղարկեցինք բարձր մակարդակով նախատեսված բանակցությունները պաշտպանության ղեկավարների միջև և կասեցրինք կիբերանվտանգության նոր ծրագիրը: Ընտրություններից հետո, անկախ նրանից, թե ով է կառավարությունում, մենք հույս ունենք տեսնել եվրատլանտյան ուղի վերադարձի հստակ ապացույցներ՝ վստահությունը վերականգնելու և սերտ գործընկերության վերադառնալու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը։