Վրաստանի կառավարության նիստից հետո արդարադատության նախարար (ԱՆ) Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից և նրա ընտանիքից պաշտոնական դիմում չեն ստացել Սաակաշվիլիի բուժմանը արտասահմանցի բժիշկների ներգրավման խնդրանքով։
«Նախարարությունը և Հատուկ քրեակատարողական ծառայությունը դեմ չեն լինի, եթե դատապարտյալը կամ նրա ընտանիքն ուղղակիորեն ներկայացնեն օտարերկրյա բժիշկների ցանկը, որոնք ցանկանում են ընդգրկվել Սաակաշվիլիի «Վիվամեդ» կլինիկայում ընթացող բուժման պրոցեսում։ Այդ դեպքում մենք միջնորդություն կներկայացնենք առողջապահության նախարարություն, որպեսզի այդ բժիշկները համապատասխան ընթացակարգեր անցնեն»,- ասել է Բրեգաձեն։
Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին պարզաբանել է. «Ընթացակարգը սա է. պետք է դիմում ներկայացնել՝ կից փաստաթղթերով, մեր գերատեսչութունը կուսումնասիրի դիմումը, այնուհետև կներկայացնի խորհուրդ՝ հաստատման և թույլտվության համար»։
Բրեգաձեի հայտարարությունից հետո Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) գրասենյակում ճեպազրույց է անցկացրել «Սաակաշվիլիի ազատման շտաբի» ղեկավար Գիորգի Չալաձեն։
Ի դեպ, մարտի 16-ին ԵՄ պաշտոնական աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հաստատել են, որ վրացական կողմը լեհ բժիշկներին թույլ է տվել այցելել Սաակաշվիլիին։
Մարտի 16-ին արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ քրեակատարողական ծառայությունը չի առարկի Սաակաշվիլիին բուժող հրավիրված բժշկի ներկայությանը, եթե նա համապատասխանի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նախադրյալներին։
Անցյալ շաբաթ Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը հայտարարել էր, որ Լեհաստանից բժիշկների խումբը պատրաստ է ժամանել Վրաստան՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը հետազոտելու համար։
Ավելի վաղ Բրեգաձեն լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը գնահատելու համար արտասահմանցի բժիշկ բերելն իրենց առաջարկն է և ուժի մեջ է։
Փետրվարի 27-ին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Բրեգաձեին է փոխանցել Եվրամիության 27 անդամ երկրների կողմից համաձայնեցված պաշտոնական դեմարշը՝ կապված երրորդ նախագահի առողջական վիճակի հետ։
Հիշեցնենք. փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու փաստաբանների միջնորդությունը:
Սաակաշվիլին, որը ներկայումս Ուկրաինայի քաղաքացի է, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում։
2018 թվականին Վրաստանի դատարանը Սաակաշվիլիին հեռակա դատապարտեց Սանդրո Գիրգվլիանիի մահվան և խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Դատարանը Սաակաշվիլիին երկու դեպքում էլ մեղավոր է ճանաչել պաշտոնական լիազորությունների չարաշահման համար: Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
Երրորդ նախագահը պատասխանատվության է ենթարկվել բյուջետային միջոցների յուրացման, իսկ 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության հանրահավաքը ցրելու համար ուժ կիրառելու և հատուկ նշանակության ջոկատների կողմից «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու համար:
2021 թվականի հոկտեմբերի 20-ին Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրել մեկ այլ՝ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի վերադարձել է Վրաստան կաթնամթերքով բեռնված բեռնատարով, որը ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից նավով հասել է Փոթիի նավահանգիստ։
2022 թվականի մայիսին Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման պատճառով քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։
Սաակաշվիլին կարծում է, որ կեղծ մեղադրանքների հիման վրա իրեն ձերբակալելով՝ «Վրացական երազանքի» իշխանությունները կատարում են Ռուսաստանի պատվերը։