ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արձագանքել է Վրաստանում ընդունված «գործակալների օրենքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հաշվի առնել հանձնաժողովից ստացած առաջարկությունները։
«Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը Վրաստանին խստորեն խորհուրդ է տվել չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքը» ներկայիս տեսքով: Մենք իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել հանձնարարականը՝ Վրաստանի ժողովրդավարության հիմնարար տարրերը պաշտպանելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը:
Ի դեպ, մայիսի 21-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր բացասական եզրակացությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքի վերաբերյալ: Հանձնաժողովը կառավարությանը «խստորեն խորհուրդ է տալիս» չեղարկել «գործակալների մասին օրենքը» ներկայիս տեսքով։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սակայն, հանձնաժողովի կարծիքն անհիմն է որակում: