Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն հանդիպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների խորացումն ու ապագա համագործակցությունը։ Ընդգծվել է մշակութային դիվանագիտության մեծ դերը վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ։ Քննարկվել են նաև մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանն առնչվող հարցեր։
Հաղորդագրության համաձայն՝ Դումանյանը հայտնել է, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում նախատեսվում է վրացերենի ուսուցում։
Էլիսո Բոլքվաձեն նախարարին տեղեկացրել է Մշակույթի հանձնաժողովում ընթացող աշխատանքային գործընթացի և ուղղությունների մասին։
Բոլքվաձեն, ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամությունը, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի հետ քննարկվում է մշակույթի ոլորտում համագործակցության երկարաժամկետ գործողությունների ծրագիր։
Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել Բոլքվաձեին Վրաստանում բնակվող հայ բնակչությանը աջակցելու և Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանները պահպանելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության համար և նախատեսել են համատեղ ցուցահանդեսներ և այլ մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպել։