Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը:
Նրանք բողոքի երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտայից դեպի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն:
Ակցիայի պատճառը սկանդալային ձայնագրությունն է, որում երկրի վարչապետը, Իվանիշվիլիի որդին ու պետանվտանգության ծառայության ղեկավարը խոսում են սոցցանցերի որոշ օգտատերերի` այդ թվում մեկ անչափահասի պատժելու մասին` ոչ ցանկալի մեկնաբանություններ գրելու համար:
Երթի մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ ըստ նրանց` նա է այս սարսափի և բռնության հեղինակներից մեկը: