Բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 11 անձանց դատավարությունը հետաձգվել է

Երեկ` ապրիլի 2-ին, բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 11 անձանց գործի դատավարությունը դատավոր Նինո Գալուստաշվիլին հետաձգել է մինչև ապրիլի 24-ը։ Այսօր նշանակված էր գործի հիմնական լսման առաջին նիստը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկել է Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավայի, Լուկա Ջաբուայի, Ջանո Արչայիայի, Ռուսլան Սիվակովի, Վալերի Թեթրաշվիլիի, Գիորգի Տերիշվիլիի, Իրակլի Քերաշվիլիի, Ռևազ Կիկնաձի և Սերգեյ Կուխարչուկի գործը։

Գալուստաշվիլին նշել է, որ գործը նրան ապրիլի 1-ին է հանձնվել. քանի որ նյութերը ծավալուն են, նա առաջարկել է փաստաբաններին նիստի հետաձգում։ Սակայն փաստաբանները հրաժարվել են` ասելով, որ ամսաթվի փոփոխությունը տեխնիկական գործընթացի խախտում է։

Երեկվա նիստի ընթացքում փաստաբանները միջնորդել են դատավորին, որ նիստը բացվի։ 11 ամբաստանյալների դատական նիստերը, նախորդ դատավոր Իրակլի Շվանգիրաձեի որոշմամբ, անցկացվում են կիսափակ ռեժիմով, ինչի հետևանքով ամբաստանյալների ընտանիքի անդամներին և հարազատներին թույլ չեն տալիս դահլիճ մտնել։

11 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով` մասնակցություն խմբային բռնություններին։ Այս հոդվածով նախատեսված պատիժը 4-ից 6 տարի ազատազրկումն է։ Նրանցից ոչ ոք չի ընդունում ներկայացված մեղադրանքը։

Նշենք. երեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) վարույթ է ընդունել դերասան Անդրո Ճիճինաձեի գործը և սկսել քննությունը։