Բողոքի ցույցեր Թբիլիսիում և Բաթումիում

Թբիլիսիում «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերության) և Բաթումիում Աջարիայի հեռուստատեսության դիմաց բողոքի ցույցեր են ընթանում:

Թբիլիսիում Հանրայինի դիմաց բողոքի մասնակիցները շարունակում են ուղիղ եթեր պահանջել, սակայն այսօրվա ակցիային ավելացել է ևս մեկ պահանջ՝ «Ազատություն «Բաթումելեբի»-ի և «Նեթգազետի»-ի տնօրեն Մզիա Ամաղլոբելիին»: Վերջինս Բաթումիի քաղաքային դատարանի որոշմամբ դատապարտվել է երկամսյա կալանքի։

Ամաղլոբելիի ազատությունն են պահանջում ոչ միայն Հանրայինի մոտ հավաքված ցուցարարները, այլև հեռուստատեսության շենքի ներսում գտնվող որոշ աշխատակիցներ. նրանք նույնպես համերաշխություն են հայտնում իրենց գործընկերոջը։

Լրագրողներ են հավաքվել նաև Բաթումիում՝ Աջարիայի հեռուստատեսության մոտ, որտեղ պահանջում են եթեր տրամադրել: Լրատվամիջոցների ներկայացուցիչների դիտարկմամբ` Աջարիայի հանրային հեռարձակողը պատշաճ ուշադրություն չի դարձրել Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության հարցին։