Բողոքի ցույցեր Բաթումիի և Զուգդիդիի սակրեբուլոների առջև

լուսանկարը՝ «Բաթումելեբիի»

Այսօր Վրաստանի մի քանի մունիցիպալիտետների սակրեբուլոներ քննարկում են 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ «Վրացական երազանքը» փորձում է եկող տարվա բյուջեն օրենքի խախտմամբ ստանալ՝ նորընտիր սակրեբուլոյի փոխարեն այն հաստատելով նախկին սակրեբուլոյի կազմով, որտեղ իշխող թիմը մեծամասնություն ունի։

Այս ամենին դեմ է ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը, ինչի պատճառով բոյկոտել է նիստը և բողոքի ակցիաներ հրահրել Բաթումիում և Զուգդիդիում։

Բաթումիի Գերագույն խորհրդի ընդդիմադիր պատգամավորները և «Ազգային շարժման» անդամները բողոքում են սակրեբուլոյի այսօրվա նիստում հին սակրեբուլոյի կողմից քաղաքային նոր բյուջեի հաստատման դեմ։ 

Ոստիկանությունը արգելել է Գերագույն խորհրդի ընդդիմադիր անդամների մուտքը և՛ նիստերի դահլիճ, և՛ աշխատասենյակ: 

Ըստ ցուցարարների՝ մինչ այժմ բերման է ենթարկվել 3 մարդ, այդ թվում՝ Բաթումիի քաղաքապետի անկախ թեկնածուներից Գիա Խալվաշին։ 

Տեղում է Աջարիայի պարեկային ոստիկանության պետ Դավիթ Մագրաձեն։

Նիստերի դահլիճից հեռացված պատգամավորները կոշտ գնահատականներ են անում, մասնավորապես՝ «Միլիցիան ու Գայը անհետացել են մեր փողոցներից», «Սա թագավորական ոստիկանությունն է», «Շնորհավորում եմ Սովետական ​​Բաթումի վերադարձի կապակցությամբ»։ 

Ներքին գործերի նախարարությունից ձերբակալվածների թվի մասին դեռ չեն հայտնել,  հայտարարել են, թե տեղեկատվություն կհայտնեն ավելի ուշ։ 

Բաթումիի հին գումարման քաղաքային խորհուրդն այսօր բյուջեի քննարկմանը զուգահեռ օրակարգ է բերել սեփական աշխատավարձերի բարձրացման հարցը։ 

Միևնույն ժամանակ բողոքի ակցիաներ են նաև Զուգդիդիի սակրեբուլոյի առաջ։ 

Այստեղ ևս ընդդիմությունը բողոքում է քաղաքապետարանի 2022 թվականի բյուջեի նախագծի հաստատման դեմ։ 

Ոստիկանները տեղում բերման են ենթարկել 2 հոգու։ Ըստ «Միացյալ ազգային շարժման» անդամ Անի Ցիտլիձեի՝ ձերբակալվածներից մեկը քաղխորհրդի նորընտիր անդամ Դավիթ Պիպիան է։ 

Միաժամանակ շենքի ներսում քվեարկվում է բյուջեի նախագիծը, որից քիչ առաջ ոստիկանությունը դուրս է բերել ընդդիմության ներկայացուցիչներին։ 

Ոստիկանությունը մոբիլիզացված է Զուգդիդիի շրջանային վարչակազմի շենքի ներսում և դրսում։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր