Այսօր Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Թբիլիսիում և Քութայիսիում բողոքի ցույցեր են անցկացվում վառելիքի գների բարձրացման դեմ։
Ցուցարարների պահանջը վառելիքի ակցիզային հարկի վերացումն է և ավելացված արժեքի հարկը տատանման ռեժիմի տեղափոխելն է։
Հանրահավաքի ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։
Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ բերման է ենթարկվել 20 քաղաքացի։ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցարարները մայրաքաղաքում միջամտել են ճանապարհային երթևեկությանը և խնդիրներ առաջացրել երթևեկող ավտոմեքենաների համար՝ փակելով ճանապարհներ։
Ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ մարտի 28-ին ֆինանսների նախարարի հետ հանդիպում է նախատեսված։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միջազգային շուկայում վառելիքի գնի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել աշխարհի տարբեր երկրներում։