Այսօր եվրոպամետ բողոքի 44-րդ օրն է։ Ռուսթավելիի պողոտան փակ է։ Բազմաթիվ ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, շատերը հիմա են միանում ակցիային։
Քաղաքացիների պահանջները մնում են անփոփոխ՝ նոր ընտրություններ և քաղբանտարկյալների ազատ արձակում։
«Մենք չպետք է հոգնենք, պետք է միշտ պատրաստ լինենք պաշտպանելու այն սկզբունքները և արժեքները, որոնց համար կանգնած ենք այստեղ։ Մեզ համար վտանգված է մի շատ կարևոր բան՝ մեր ապագան»,- ասում են ակցիայի մասնակիցները։
Բողոքի մասնակիցները վանկարկում են՝ «Չի լինի արդարություն` չի լինի խաղաղություն», «Կեցցե Վրաստանը»։
Լայնամասշտաբ բողոքի ակցիաները Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։
Հիշեցնենք. այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Քեթևան Ջաճվաձեն կալանքի տակ պահեց եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված 11 մեղադրյալի։