Քաղաքացիները բողոքի ցույցեր են անցկացնում Թբիլիսիի մի շարք բնակավայրերում։
Այսօր ևս ժամը 18:00-ին «Առաջին ալիք»-ի շենքի մոտ (Հանրային հեռուստաընկերություն) մեկնարկել է հանրահավաքը։ Այստեղ հավաքված քաղաքացիները պահանջում են հոգաբարձուների խորհրդի նախագահի և գլխավոր տնօրենի հրաժարականը, նաև պահանջում են «Առաջին ալիք»-ի հեռարձակումն ամեն օր նվիրվի հանրությանը, և չսահմանափակվի մարզային հեռարձակումը։
Ժամը 19:00-ից հանրահավաքի մասնակիցները հավաքվել են և՛ խորհրդարանի դիմաց, և Մթածմինդայում՝ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ։ Քաղաքացիները բողոքում են ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականի ավարտը դադարեցնելու կառավարության որոշման դեմ։ Իսկ հիմնական պահանջն ընտրությունների վերստին անցկացումն է։
Ակցիաներ են ընթանում Բաթումիում, Քութաիսիում, Գորիում, Խաշուրիում, Զուգդիդիում և մի շարք այլ քաղաքներում։
Բաթումիի քաղաքային դատարանում շարունակվող բողոքի ակցիայի հիմնական պահանջը ձերբակալված ցուցարարների ազատ արձակումն է։
Խաշուրիում ընթացող ակցիայի մասնակիցները հավաքվել են քաղաքի կենտրոնում, իսկ հետո երթ են կազմակերպել և կոչ արել համաքաղաքացիներին միանալ իրենց բողոքի ակցիային։
«Խաշուրին Եվրոպա է» բացականչությամբ քաղաքացիները քայլում են քաղաքի փողոցներով։
Բողոքի երթ է ընթանում նաև Ռուսթավիում։ Քաղաքացիները Բարեկամության պողոտայից շարժվում են դեպի Ազատության հրապարակ։
Ակցիաներ են ընթանում Օզուրգեթիում, Դմանիսում, Լանչխութիում և Կղվարելիում։