Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան վաղ առավոտից վերսկսվել է:
Ռուսթավելի պողոտան փակ է: Ազատության հրապարակում մոբիլիզացված են ոստիկաններ, ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա:
Ոստիկանական ուժերը երկաթե պատնեշով շրջափակել են խորհրդարանի տարածքը։
Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Հիշեցնենք, այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են: Նախագահին ընտրում է հատուկ «ընտրական կոլեգիան», որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։
Կոլեգիայի կազմում մեծամասնություն ունի «Վրացական երազանք»-ը, ուստի ընտրություններն այս դեպքում զուտ ձևական բնույթ կկրեն։
Նախագահի նոր թեկնածուն խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ի առաջնորդ Միխեիլ Կղավելաշվիլին է:
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներն ամեն օր ինքնաբուխ ակցիա են անցկացնում: