Գիշերը Ռուսթավելիի պողոտայում բողոքի ակցիան ավարտվել է համեմատաբար խաղաղ պայմաններում։ Ազատության հրապարակի հարակից տարածքից հեռացվել են ջրաշիթային մեքենաները և հատուկ տեխնիկան, որից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Օպերայի և բալետի թատրոնի շենքը։
Բողոքի ակցիայի ավարտից հետո մաքրման ծառայության աշխատակիցներն սկսել են մաքրել տարածքը։ Հանվել են վիրավոր ու ծեծված մարդկանց լուսանկարները և բողոքի պաստառները, որոնք ցուցարարները փակցրել էին տոնածառի կառույցին։
Նշենք նաև, որ Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի մասնակիցներն այրել են հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը` «Խարաբա»-ի խրտվիլակը։
Ցուցարարներն այս ձևով բողոքում էին Հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների բռնությունների դեմ։
Հատկանշական է, որ սոցցանցերում տարածվում է տեղեկություն, որ քաղաքացիական ակտիվիստներին և հանրահավաքի մասնակիցներին զանգահարում են «տիտուշկաներ»(դիմակավոր անձինք) և սպառնում ֆիզիկական պատժով։
Սոցցանցերում շատերն են պատմում սպառնալից զանգերի մասին։
Հիշեցնենք, քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի վերջ։ Նրանց պահանջն անփոփոխ է՝ նշանակել վերընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ Շուրջ 11 օր է բողոքի ցույցեր են ընթանում մայրաքաղաքում և երկրի մի շարք քաղաքներում։