Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Վրաստանի խորհրդարանի ետնամուտքի մոտ քաղաքացիական ակտիվիստները և տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանց պահանջը հետևյալն է․ «Ձերբակալե՛ք Ռուսաստանի գործակալ Օթար Փարցխալաձեին»։
Ակտիվիստները վանկարկում են «Ռուսաստանի գործակալներ, խնդրում ենք ցրվե՛ք, այլապես ձեր նկատմամբ կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ»։
Խորհրդարանի մոտ տեղադրվել է ստենդ, որտեղ բացի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի լուսանկարից, պատկերված են Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, դատավորներ Իրակլի Շենգելիայի և Լևան Մուրուսիձեի լուսանկարները։
Միևնույն ժամանակ, այսօր խորհրդարանում նախատեսվում է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի ելույթը «Նախարարի ժամ» ձևաչափով։
Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց, սեպտեմբերի 18-ին Վրաստանում ևս սկսեց գործել միջազգային ֆինանսական պատժամիջոցների կիրառման մեխանիզմը։ Հայտնի դարձավ, որ Ազգային բանկը սահմանափակել է Փարցխալաձեի հասանելիությունն իրեն պատկանող բանկային հաշիվներ։
Նախ՝ «Վրացական երազանքի» նախագահը, ապա թիմի մյուս անդամները հակասահմանադրական են գնահատել ԱԲ-ի որոշումը։ Որպես փաստարկ իշխող ուժը ներկայացնում էր Փարցխալաձեի՝ Վրաստանի քաղաքացի լինելը:
Սեպտեմբերի 19-ին ԱԲ-ը բացառիկ հրաման է արձակել, ըստ որի՝ պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեի մուտքը բանկային հաշիվներ կվերականգնվի։
Մասնավորապես, նոր կարգի համաձայն, պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ։ Ըստ այդմ, պատժամիջոցների տակ հայտնված Փարցխալաձեի նկատմամբ գործարքների սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչի։