
Թբիլիսիում, Վրաստանի կառավարության մոտ բողոքի ակցիա է անցկացվել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի կողմից Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին հանձնելու և այս հարցում Վրաստանի կառավարության լռության դեմ։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ նշված փաստը սուր բողոքի տեղիք է տվել Աբխազիայի բնակչության շրջանում։ Տեղացիները կարծում են, որ դա Ռուսաստանի Դաշնության կողմից տարածքների անեքսիա և մշտական զավթում է։
«Անցել է ավելի քան 7 օր, սակայն վրացական իշխանությունները բռնազավթող երկրի կողմից Բիճվինթայի տարածքը յուրացնելու մասին պաշտոնական հայտարարություն չեն արել։
Մենք հավաքվել ենք՝ Վրաստանի կառավարությանն ասելու, որ այսօր, երբ շարունակվում է Վրաստանի օկուպացիան, լռությունը հանցագործություն է»,- ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ։
«Աբխազական նորություններ» տեղեկատվական հարթակի կողմից կազմակերպված ակցիային մասնակցել են տասնյակ մարդիկ՝ ձեռքներին՝ «Վրաստանի անեքսիան շարունակվում է», «10 օր լռություն և դավաճանություն», «Ռուսաստանն օկուպանտ է» և այլ մակագրություններով պաստառներ:
Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները
Զուրաբիշվիլիի արձագանքը Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին փոխանցելու խնդրին