Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարան է ներկայացվել Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին հանձնելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
Խոսքն այս տարվա հունվարի 19-ին ստորագրված փաստաթղթի մասին է, որի անվանումն է՝ «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Աբխազիայի Հանրապետության կառավարության միջև Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու և դրա օգտագործման ձևի մասին»:
Փաստաթղթի վավերացմանը դեմ են Աբխազիայի ընդդիմությունը, քաղաքացիական հասարակության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք Աբխազիայի դե ֆակտո իշխանությունից պահանջում են օրինագիծը հետ կանչել խորհրդարանից, իսկ օրենսդիրից խնդրել են չվավերացնել այն։
Հարկ է նշել նաև, որ կառավարությանն առաջարկվել է նաև փոփոխություններ կատարել համաձայնագրում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համաձայնագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն դրա վավերացումից հետո։