Վրաստանյան քաղաքական և հասարակական դաշտում բուռն քննարկման առիթ է դարձել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու աբխազական կողմի հնչեցրած առաջարկները:
Մասնավորապես, նման առաջարկ են արել Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամները և կոչ արել խորհրդարանին՝ վավերացնել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը:
Ինչու է Ռուսաստանն ուզում Բիճվինթան
Բիճվինթայի պետական ավանի մասին համաձայնագրի նախագծի համաձայն՝ 186 հա հողատարածք և 115 հա ծովային տարածք դառնում են Ռուսաստանի Դաշնության սեփականությունը։ Բոլոր շենքերն ու շինությունները տնօրինում է Պաշտպանության դաշնային ծառայությունը, իսկ Սև ծովի ջրային տարածքը շրջակա հողերով` 49 տարի վարձակալությամբ, փոխանցվում է Ռուսաստանին։ Սա նշանակում է, որ Աբխազիայի բնակչության մեկ սերունդը կապրի Ռուսաստանի տարածքում գտնվող Բիճվինթա քաղաքում։
Այդ իսկ պատճառով աբխազական հասարակության մի մասը` անգամ ընդդիմադիր մտածողությամբ և նվազ քաղաքականացված բնակչությունը, դեմ է նշված համաձայնագրին։
Բնակչությանն ամենաանհանգստացնողը Մոսկվայի և Սուխումիի միջև փաստաթղթի գաղտնի ստորագրումն էր մշուշոտ գործարքից տարիներ անց։
Երկու վարկած կա, թե ինչու է հիմա ակտիվացել օտարման հարցը: Առաջինը՝ պետական ամառանոցը կլինի Կրասնոդարի երկրամասի Սիրիուս բնակավայրի շարունակությունը՝ Մոսկվայի իրավասության տակ գտնվող դաշնային տարածք:
Երկրորդ տարբերակը ռուսական կարևոր ռազմաբազայի տեղակայումն է։ Բիճվինթայի հրվանդանը ռազմավարական աշխարհագրական դիրք է։
Այս պահին ոչ մի վարկած չի կարելի բացառել կամ հաստատել: Միաժամանակ, վարկածներից և ոչ մեկը տարածված չէ բուն աբխազական հասարակության շրջանում։ Այդ իսկ պատճառով, թերևս, աբխազ պաշտոնյաները փորձում են այս թեման այլ կերպ ներկայացնել:
Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «Եդինայա Աբխազիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Շեմբան, արձագանքելով Բիճվինթայի տարածքները և սովխոզը Ռուսաստանին 49 տարով հանձնելու հարցի հանրային քննարկմանը, հայտարարել է, թե այդ արարքն առաջին հերթին բխում է Աբխազիայի շահերից։
Ինչ են ասում վրաստանյան իշխանությունները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ դա վրացական տարածքի բռնակցում է Ռուսաստանին։ Ըստ նախագահի՝ սա շարունակական օկուպացիայի արդյունք է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ «պետք չէ աղմուկ բարձրացնել» Բիճվինթայի տարածքները Ռուսաստանին վարձակալության տալու հարցում։
«Ուզում եմ ձեզ ասել գլխավորը և բոլորին հիշեցնել, որ Ռուսաստանը ժամանակավորապես օկուպացրել է ոչ միայն Բիճվինթան, այլև ողջ Աբխազիան՝ մեր բնիկ, պատմական տարածքը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ինչ են ասում ընդդիմադիրները և քաղհասարակությունը
Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների մի մասը բաց նամակով դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին:
Նամակում պատգամավորները քննադատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ և նշել, որ լիովին անընդունելի են համարում ԱԳՆ լռությունն ու անգործությունը։
Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության պատգամավոր Թեոնա Ակուբարդիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին` դատապարտել Բիճվինթայի բռնակցումը Ռուսաստանին։
Հայտարարությունից հետո ակտիվացան վրաց հասարակական կազմակերպությունների հնչեցրած կոչերը: «Սոցիալական արդարադատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը կոչ արեց վրացական իշխանություններին` գործել օկուպացված Աբխազիայում գտնվող Բիճվինթայի և դրան հարակից 186 հեկտար հողատարածքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու դեմ:
Նրանք կոչ արեցին Վրաստանի կառավարությանը` ակտիվորեն բարձրացնել միջազգային հանրության առջև Բիճվինթայի տարածքների փոխանցման հարցը, կիրառել բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները գործընթացը կասեցնելու համար:
Օրերս Թբիլիսիում` Վրաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին հանձնելու և այս հարցում Վրաստանի կառավարության լռության դեմ։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ նշված փաստը սուր բողոքի տեղիք է տվել Աբխազիայի բնակչության շրջանում։ Տեղացիները կարծում են, որ դա Ռուսաստանի Դաշնության կողմից տարածքների անեքսիա է և անվերադարձ զավթում։