Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարել է, որ այսօր Վրաստանի հիմնական խնդիրն այն է, որ Բիձինա Իվանիշվիլին (իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ- խմբ.) ոչ ամերիկամետ է, ոչ եվրոպամետ, ոչ էլ ռուսամետ, նա եսամետ է։
Գախարիան նշել է, որ Իվանիշվիլին իշխանությունը պահելու համար կսեղմի բոլորի ձեռքը, ինչը նրա հիմնական նպատակն է:
«Վրացական երազանք»-ի նախկին վարչապետը նշել է, որ ներկայիս համակարգն այնքան ավտորիտար է, որ համատեղելի չէ եվրոպական արժեքների հետ և, բնականաբար, գնում է Ռուսաստանի ուղղությամբ։
«Այսօր այս փոքրիկ վախեցած տղաները (նկատի ունի իշխող թիմի ներկայացուցիչներին- խմբ.) հնարավորություն չունեն փոխելու երկրի արտաքին կողմնորոշումը։ Անընդունելի է, երբ կուլիսներում թաքնված մարդը վստահված անձանց միջոցով փորձում է փոխել երկրի արտաքին կողմնորոշումը։ Սա կրիտիկական գիծ է, որն անցնում է մեր երկրի պետականության միջով, և այդ պատճառով ես ու իմ թիմը կանենք ամեն բան՝ պաշտպանելու համար երկրի ազգային հեռանկարը»,- ասել է Գախարիան։