Բիձինա Իվանիշվիլիի պնդումները՝ ՀԿ-ների ֆինանսավորման մասին

Բիձինա Իվանիշվիլի. Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ֆինանսավորումը նպատակ ունի Վրաստանից խլել պետական ​​ինքնիշխանությունը:

Վճիռ՝ սուտ է:

Համառոտ. Վրաստանում գործող բոլոր ՀԿ-ների եկամտի աղբյուրները, նախագծերը կամ դոնորները, որոնք պայքարում են երկրում արևմտյան, ժողովրդավարական սկզբունքների և արժեքների պաշտպանության և ներդրման համար, տարիներ շարունակ եղել են հանրային և հասանելի բոլորին։

Վերլուծություն. Ապրիլի 29-ին «Վրացական երազանք»-ը հանրահավաք է անցկացրել՝ ի  պաշտպանություն «գործակալների օրենքի»։ Հանրահավաք անցկացնելու համար իշխող կուսակցությունը շրջաններից հազարավոր քաղաքացիների է մոբիլիզացրել Թբիլիսիում։ Հանրահավաքի ավարտին հավաքվածների առջև ելույթ է ունեցել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Նա երկարաշունչ անդրադարձ էր արել ՀԿ-ներին, որոնց ֆինանսավորումը, ըստ նրա՝ «ուղղված է Վրաստանի պետական ​​ինքնիշխանությունը խլելուն»։

«ՀԿ-ների ֆինանսավորումը, որոնց հաճախ շնորհակալություն են հայտնում և համարում, որ մեզ օգնում են դրսից, իրականում, գրեթե ամբողջությամբ՝ օգտագործվում է գործակալությունը (գործակալական ցանցը-հեղ.) հզորացնելու և նրանց իշխանության բերելու համար։ Ըստ այդմ՝ այդ միջոցները կապ չունեն օգնության հետ, և ընդհակառակը՝ դրանց միակ նպատակը Վրաստանից պետական ինքնիշխանությունը խլելն է»,- ասել է Իվանիշվիլին:

Փաստերը, սակայն, ՀԿ-ների տարեկան հաշվետվությունները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ Օրինակ՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (GYLA) կայքում կարդում ենք, որ բոլոր նախագծերն ու ակտիվությունները ծառայում են երկրում օրենքի գերակայության հաստատմանը և մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, ինչպես անհատների, այնպես էլ հաստատությունների մակարդակով: Այս մոտեցմամբ GYLA-ն տարիների ընթացքում զգալի հաջողությունների է հասել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես Վրաստանի ընդհանուր դատարաններում, այնպես էլ միջազգային մակարդակով: Սա հաստատում են վերջին 20 տարվա ընթացքում Վրաստանի ընդհանուր դատարաններում հաջողությամբ ավարտված ավելի քան 3 հազար գործերը։ Սահմանադրական դատարան ներկայացված 30 սահմանադրական բողոքներից 8-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված 135 դիմումներից 8-ը հաջողությամբ են ավարտվել, իսկ մեծ մասը գտնվում է քննարկման փուլում։

Բացի այդ, որպես օրինակ կարող ենք դիտարկել մեկ այլ հասարակական կազմակերպություն: «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) կայքում կարդում ենք, որ կազմակերպության տեսլականն ու նպատակն է հզորացնել հասարակությանը՝ տեղեկացնելով նրանց և ավելացնելով նրանց ներգրավվածությունը։ Այդ նպատակով կազմակերպությունն աշխատում է բարձրացնել քաղաքացիական իրազեկությունը, պաշտպանել մարդու իրավունքները, խթանել լավ կառավարումը և պատրաստել տեղեկատվական հաշվետվություններ, որակյալ ուսումնասիրություններ և առաջարկություններ:

Բռնության տարբեր փաստերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ աշխատող «Սափարի» կազմակերպության կայքում հեշտությամբ հասանելի են դոնորների և գործընկերների մասին տեղեկությունները, ինչպես նաև կազմակերպությունում անցկացված աուդիտը։ «Սափարի»-ի կայքում հանրայնացված է նաև դոնորների և գործընկերների մասին տեղեկատվությունը։ 2022 թվականի ամփոփ փաստաթղթում կազմակերպությունը ներկայացրել է նաև իր տարեկան բյուջեն։ 2022 թվականին «Սափարի»-ի բյուջեն կազմել է 1 մլն 335 հազար 774 լարի։ Այդ գումարի 35 տոկոսը ծախսվել է իրավաբանական ծառայությունների, 32 տոկոսը՝ տեղեկատվական և կրթական արշավների, 23 տոկոսը՝ վարչական կարիքների համար (փոստային ծառայություններ, կոմունալ վճարումներ, վառելիք, գրենական պիտույքներ, վարչական անձնակազմի վարձատրություն, գրասենյակային տեխնիկա, կապի և ծրագրային ապահովում), 6 տոկոսը՝ հետազոտությունների, իսկ 5 տոկոսը փոքր դրամաշնորհների գծով։

Հանրային է նաև «Ժողովրդավարության պահապաններ» կազմակերպության դոնորների, նախագծերի, նրանց նպատակների և ստացած ֆինանսավորման մասին տեղեկատվությունը, և այն միշտ հասանելի է կայքում։

Նշենք, որ ՀԿ-ներին ֆինանսավորող դոնորներն իրենց հերթին ֆինանսավորում են նաև Վրաստանի կառավարությունը։ Օրինակ՝ Վրաստանի խորհրդարանի կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։ Նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետազոտական ​​բաժնում կարդում ենք, որ տարբեր նախագծերի աջակցում են արևմտյան հիմնադրամները (USAID, GIZ, EU, GTZ և այլն):

Դոնորներից դրամաշնորհ ստանալու համար ՀԿ-ն ուղարկում է դրամաշնորհի առաջարկ: Դրա համար դոնորները նախ հայտարարում են մրցույթ, որոնք հիմնականում երկու տեսակի են՝ բաց մրցույթ (Open call) և այլ դրամաշնորհներ, որոնք հայտարարվում են կոնկրետ թեմայով։ Դա կախված է դրամաշնորհի համար դիմող կազմակերպության հայեցակարգից: Դոնորը դրամաշնորհ ստանալու համար ներկայացված հայտերը գնահատում է նախապես որոշված տարբեր ​​չափանիշներով։ Ընտրության փուլից հետո, երբ սկսվում է ծրագրի իրականացումը, ՀԿ-ները դոնորների համար գրում են հաշվետվություններ, որոնցում նշվում են ծրագրի ընթացքը, ծախսերը և այլն։ Հաշվետվությունների լրացման միջակայքը մի քանի ամիս է։ Ծրագրի ավարտից հետո ՀԿ-ները գրում են վերջնական հաշվետվություններ, որտեղ արտացոլված են ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր քայլերը, ծախսերը և այլն։ Այս զեկույցները հանրայնացվում են: Բոլոր ՀԿ-ները նաև հայտարարագրեր են ներկայացնում պետությանը։

Եզրակացություն. Ըստ այդմ, կարելի է ասել, որ ՀԿ-ների ֆինանսավորումը և դոնորներից ստացված գումարները լիովին հրապարակային են և օգտագործվում են կազմակերպությունների կողմից ինստիտուցիոնալ և կազմակերպչական զարգացման նպատակով, ինչը նպաստում է ժողովրդավարության այնպիսի հիմնարար սկզբունքների պաշտպանությանը, ինչպիսիք են. ուժերի հավասարակշռություն, ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման զարգացում, գենդերային զգայուն քաղաքականություն, սոցիալական հավասարություն, օրենքի գերակայություն, լրատվամիջոցների ազատություն, քաղաքացիների ներգրավվածություն և մարդու իրավունքների ու ազատությունների համընդհանուր պաշտպանություն: Հետևաբար՝ Բիձինիա Իվանիշվիլիի հայտարարությունը, թե «ՀԿ-ների ֆինանսավորումն ուղղված է Վրաստանին պետական ​​ինքնիշխանությունից զրկելուն», սուտ է։