
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանին միանալու ցանկության վերաբերյալ հանրաքվեի ընթացակարգերին նախապատրաստվելու նպատակով՝ Ցխինվալիի կառավարությունը պետք է դիմի Գերագույն դատարան։
Բիլբիլովի խոսքով, կան «որոշակի իրավական քայլեր», որոնք պետք է ձեռնարկվեն, Գերագույն դատարանի պատասխանի հիման վրա կսկսվեն նախապատրաստական աշխատանքները և կնշանակվի հանրաքվեի օրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրաքվե կարող է անցկացվել ապրիլի 10-ին՝ օկուպացված Ցխինվալի շրջանում այսպես կոչված նախագահական ընտրություններից հետո։ Բիբիլովը, սակայն, ասել էր, որ երկու հանրաքվե կարող է անցկացվել.
«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանին ուղղակի անդամակցությունը և Օսիայի ուղղակի միավորումը անմիջապես տեղի չեն ունենա, քանի որ օրենքը դա թույլ չի տալիս։ Երբ Հարավային Օսիան արդեն կլինի Ռուսաստանի կազմում, դրանից հետո պետք է սկսվի Օսիայի միավորման գործընթացը, որից հետո երկու հանրաքվե լինի»։
Նշենք, որ ապրիլի 4-ին դե ֆակտո հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալան Թադտաևը հայտարարել էր Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբի ստեղծման մասին։