Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ փուլ է անցկացվելու։
«Արդյունքների 96 տոկոսը հաշվարկելուց հետո հասկանում ենք, որ երկրորդ փուլ է լինելու։ Իմ համար ընդունելի է Ալան Գագլոևի հետ երկրորդ փուլում մասնակցելը, քանի որ դա երկու գաղափարախոսությունների կռիվ է, որտեղ մարդիկ ընտրություն են կատարում»,- ասել է Բիբիլովը:
Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով՝ նախագահական ընտրություններում առաջատար է ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության նախագահ Ալան Գագլոևը։
Ըստ ԿԸՀ-ի ապրիլի 11-ին հրապարակած տվյալների՝ քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում Գագլոևը ստացել է ձայների 36,9 տոկոսը, իսկ գործող նախագահ Անատոլի Բիբիլովը՝ 33,5 տոկոսը։
Նշենք, որ 2017 թվականի ընտրություններում վերջինս հաղթել է առաջին փուլում՝ 54,8 տոկոս ձայնով։
Գագլոևը դեռ երեկ երեկոյան հայտարարել էր, որ առաջին փուլի հաղթողն է։ Հատկանշական է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ևս 3 թեկնածու:
Ընդդիմության մյուս երեք թեկնածուները՝ Ալեքսանդր Պլիևը, դե ֆակտո խորհրդարանի փոխխոսնակ, պատգամավոր Գարի Մուլդարովը և նախկին պատգամավոր Դմիտրի Տասոևն արդեն հայտարարել են, որ երկրորդ փուլում սատարելու են Ալան Գագլոևին։
Բիբիլովի հիմնական մրցակիցը, ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը ՊԱԾ-ի նախկին սպա է, ով առաջադրվել է նաև 2017 թվականի նախագահական ընտրություններում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։
Ցխինվալիի շրջանում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրորդ փուլը Գագլոևի և Բիբիլովի մասնակցությամբ կանցկացվի ապրիլի 24-ին։
Նշենք նաև, որ Վրաստանից անջատված Ցխինվալիի շրջանում անցկացված այսպես կոչված նախագահական ընտրությունները դատապարտել են Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը և Վրաստանի մյուս գործընկեր երկրները: