Վրաստանի խորհրդարանում ավարտվել են կառավարության ծրագրի վերաբերյալ վարչապետի ամենամյա լսումները։ Ամփոփիչ խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ կառավարությունը պատրանք չունի, որ կկարողանա վերջ դնել քաղաքական բևեռացմանը, քանի որ կան խանգարող հանգամանքներ։
«Հենց Եվրախորհրդի որոշումը կայացվի, և նրանք հաստատեն Եվրահանձնաժողովի առաջարկությունները, մենք ոչ մի օր չպետք է կորցնենք։ Մենք պետք է շարունակենք իրականացնել այդ բարեփոխումները հանգիստ, հաստատակամ, հետևողական։ Իհարկե, մենք պատրանքներ չունենք, որ կկարողանանք վերջ դնել բևեռացմանը։ Մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ ամեն ինչ անում են երկրում քաոս, ապակայունացում և բևեռացում ստեղծելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշենք, որ Վրաստանը սպասում է հունիսի 23-24-ին կայանալիք Եվրոպական խորհրդի որոշմանը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։
Հունիսի 17-ի Եվրահանձնաժողովի հանձնարարականի համաձայն՝ Ուկրաինային և Մոլդովային պետք է տրվի ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ՝ պարտադիր պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից դրված պայմաններից մեկն է՝ քաղաքական բևեռացման հաղթահարումը։