Բերման ենթարկվածներն ուժի կիրառման մասին են խոսում. օմբուդսմեն

Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկատվություն է տարածում «գործակալների օրենքի» դեմ մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ցույցի ժամանակ ձերբակալվածների մասին։

Հայտարարության մեջ գրված է, որ հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Դիղոմիի և Ավճալայի մեկուսարաններում գտնվող տասը բերման ենթարկված անձանց։ Նրանցից մի քանիսը, ըստ հանրային պաշտպանի՝ հայտնել են ոչ պատշաճ վերաբերմունքի, անհամաչափ ուժի կիրառման մասին. ստացված տեղեկությունը կտրամադրվի հատուկ քննչական ծառայությանը:

«Հանրային պաշտպանի ներկայացուցիչները ցույցի ժամանակ ճշտում էին ձերբակալվածների գտնվելու վայրը, հանդիպում էին ձերբակալվածների հետ և անձամբ տեղեկություններ ստանում նրանց ֆիզիկական վիճակի և պահման պայմանների մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հանրային պաշտպանի գրասենյակը նշում է, որ շարունակում է ձերբակալվածների որոնումը և նրանց հետ հարցազրույցները։

Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անունը ստացած «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։