Գերմանիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Անալենա Բերբոքը խոսում է Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացի պաշտոնական կասեցման մասին:
Ըստ Բերբոքի՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ն իր հակաեվրոպական շրջադարձով փաստացի դադարեցրել է անդամակցության գործընթացը: Ուստի Բերբոքը կարծում է, որ Եվրամիությունը պետք է դիտարկի այս գործընթացը պաշտոնապես կասեցնելու հարցը։
Բերբոքը պնդում է՝ Վրաստանի և Գերմանիայի միջև տասնամյակներ շարունակվող հարաբերությունները նույնպես մեծապես տուժել են: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բերբոքը քննադատել է «Վրաստանի ռուսամետ կառավարության»-ը՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար։
Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում եվրոպամետ ցույցերը սկիզբ առան, երբ նոյեմբերին «Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Ցույցերը ոստիկանությունը ցրում է, անհամաչափ ուժ կիրառում, տասնյակ ցուցարարներ ձերբակալված են: