Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բեռլինում հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Շոլցն ու Կոբախիձեն դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել։
Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ Վրաստանը չի ընդունի աղմկահարույց «գործակալների մասին» օրինագիծը։
«Մենք մեծ հույս ունենք, որ Վրաստանը չի ընդունի գործակալների մասին օրենքը, և խորհրդարանը հաշվի կառնի և՛ մեր, և՛ Վրաստանի բնակչության քննադատական դիրքորոշումը», — ասել է Շոլցը։
Պաշտոնական հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում կանցլեր Շոլցն ասել է, որ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը «ոչ միայն կառավարության, այլ նաև քաղաքացիների մեծամասնության մեծ ցանկությունն է»։
Նա խոսել է եվրաինտեգրման ուղղությամբ Վրաստանի ձեռքբերումների մասին։ Նշել է, որ Գերմանիան կողմ է Վրաստանին եվրոպական հեռանկար տալուն, և որ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկիր դարձնելու վերաբերյալ Բրյուսելի որոշումը կարևոր է նաև Բեռլինի համար։
«Կարևոր է նաև, որ մենք խոսենք խնդիրների մասին», — ասաց Շոլցը, իսկ դրանից հետո քննադատել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վերսկսած «գործակալների» օրենքի նախագիծը։
«Մենք, ինչպես ողջ Եվրամիությունը, շատ քննադատաբար ենք վերաբերվում «գործակալների օրենքին»։ Անցյալ տարի օրենքի հետկանչից հետո մենք հույս ունեինք, որ այս հարցն այլևս օրակարգում չի լինի», — ասել է կանցլեր Շոլցը՝ հավելելով, որ անցյալ տարվա տարբերակը «գործնականում չի փոխվել»։
Նա լրագրողներին ասել է, որ այս համատեքստում վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևորությունը։
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Եվրամիությունն ունի նմանատիպ օրենսդրություն, կանցլեր Շոլցն ասել է. «Եվրամիությունը նման օրենսդրություն չունի։ Քննարկում կա տարբեր ոլորտներում թափանցիկություն հաստատելու մասին, բայց սա բոլորովին այլ հայեցակարգ է և դեռ լուծում չի ստացել, հավանաբար` չի էլ լինի»։
Նույն ճեպազրույցում վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտպանել է «գործակալների օրենքը» և ասել, որ իր թիմի դիրքորոշումը հաստատուն է. «Մեր դիրքորոշումը հաստատուն է։ Միակ բանը, որ նախատեսում է օրենքը, հասարակական կազմակերպությունների կողմից ֆինանսների տարեկան բացահայտումն է։ Ոչ ոք չի կարող ասել, որ ֆինանսների բացահայտումը բացասաբար կանդրադառնա նրանց գործունեության վրա», — ասել է վարչապետը։
Գերմանիայի կանցլերի քննադատական հայտարարությանը նախորդել են Գերմանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների քննադատական արձագանքները «գործակալների օրենքի» վերաբերյալ։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերն ապրիլի 11-ին ասել է. «Գերմանիան անհանգստացած է այս օրենքի նախագծով, քանի որ այն չի համապատասխանում ԵՄ պրակտիկային»։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը «գործակալների օրենքը» անվանել է «անհամատեղելի ԵՄ անդամակցության հետ»։
Բացի այդ, Ռոթը հայտարարության ստորագրողներից էր, որը համատեղ տարածել էին եվրոպական 12 երկրների օրենսդիր մարմինների արտաքին հանձնաժողովների նախագահները։ Նրանք պնդում են, որ «Վրացական երազանքի» նախաձեռնած օրենքը «իր բովանդակությամբ Ռուսաստանի օտարերկրյա գործակալների օրենքի ճշգրիտ պատճենն է» և «վտանգված է վրաց ժողովրդի ապագան»։