Այսօր՝ հունվարի 31-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկել է Վրաստանում գործող ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության աջակից ակտիվիստ և բլոգեր Բեքա Վարդոսանիձեի բնակարանը։
Վարդոսանիձեն մեղադրվում է ահաբեկչությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Այս մասին ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հայտարարության մեջ։
Այսօր՝ հունվարի 31-ին անցկացված խուզարկության արդյունքում առգրավվել են տարբեր համակարգչային և էլեկտրոնային տեղեկատվություն կրող սարքավորումներ։ Վարդոսանիձեն ՊԱԾ է կանչվել հարցաքննության։
Ենթադրվում է, որ Վարդասոնիձեն «ահաբեկչական սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ» է ուղարկել ՊԱԾ–ի, ՆԳՆ–ի Թբիլիսիի ոստիկանության վարչության և «Իմեդի» հեռուստաընկերության էլեկտրոնային հասցեներին։
Հաղորդագրությունում ասվում է, որ պայթուցիկ սարքեր են տեղադրվել Թբիլիսիի հայտնի «Բասիանի» և «Ռատի Բար» գիշերային ակումբներում, Ռուսթավելի պողոտայում, և «տարբեր մեքենաներում»:
Գործի հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի։
Նշենք նաև, որ «Պահպանողական շարժման» անդամները վերջին ամիսներին մի քանի անգամ սպառնացել են «հակամայդան» կազմակերպել. նրանք առաջին նման հայտարարությունն արել են հուլիսին՝ «Թբիլիսի Փրայդ»-ի կազմակերպած փառատոնից հետո։ Սեպտեմբերի 22-ին «Ալտ-Ինֆո»-ի ղեկավարները հայտարարեցին, որ ստեղծվում է «Հակամայդանական շարժում»՝ «Վրաստանում արևմտամետ խմբավորումների կազմակերպած պետական հեղաշրջումը և Մայդանը կանխելու համար»։