«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել նախագահական ընտրությունների օրը Իսանիի թիվ 5/2 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Կազմակերպությունն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին:
Շարժման տարածած տեղեկատվության համաձայն, թեև տեսանյութի հերոսը մատնանշում չի ունեցել, սակայն ընտրացուցակում նրա անվան դիմաց ստորագրություն է եղել: Վերջինս պնդել է, թե ինքը չի ստորագրել։ «Բազմազգ Վրաստանի» դիտորդի միջամտությամբ, ընտրողին հնարավորություն է տրվել մասնակցել քվեարկությանը:
Երբ ընտրողը փորձել է ծրարը գցել քվեատուփի մեջ, նրան թույլ չեն տվել հանձնաժողովի մի քանի անդամ, ինչից հետո հանձնաժողովի նախագահը՝ կարգը խախտելով (հանձնաժողովի ղեկավարն իրավունք չունի ծրարը քվեատուփի մեջ գցել) պաշտպանել է ընտրողի իրավունքը և ծրարը գցել արկղի մեջ։
Հատկանշական է, որ կազմակերպության դիտորդը չի կարողացել խախտումը գրանցել և բողոք ներկայացնել, քանի որ ստեղծված իրավիճակում հանձնաժողովի անդամներն ագրեսիվ վարք են ցուցաբերել և կազմակերպությունը ստիպված է եղել ընտրատեղամասից հանել դիտորդին:
Հիշեցնենք՝ միջադեպի մասին հայտարարություն էր տարածել միավորված ընդդիմությունը, ըստ որի՝ ընտրատեղամաս այցելած քաղաքացուն փոխանցված ծրարի մեջ արդեն իսկ եղել է ընտրաթերթիկ, որտեղ նշված է եղել Սալոմե Զուրաբիշվիլիի անունը: Դեպքին անդրադարձել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն: Վերջինս միավորված ընդդիմության հայտարարությունը սուտ է որակել: