Աշխատանքային իրավունքների և պարտականությունների մասին հիմնականում արձանագրվում է այն բոլոր պայմանագրերում, որոնք կնքվում են գործատուի և աշխատողների մասին: Երբեմն խախտվում են այդ պայմանագրերով ամրագրված իրավունքները, հաճախ առաջանում են կոնֆլիկտներ, նույնիսկ կողմերը դիմում են դատարան իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Սակայն մեր անդրադարձը դրա մասին չէ: Իսկ ի՜նչ անեն կանայք, որոնք գործատուի մոտ չեն աշխատում, սակայն զբաղվում են ծանր ու բազմաբնույթ աշխատանքով՝ գյուղատնտեսությամբ: Ու՛մ դիմեն իրենց իրավունքները պաշտպանելու կամ կորցրած առողջությունը հետ բերելու պահանջով:
Քաղաքում և գյուղում բնակվող 30-40-ամյա կանանց ապրելակերպն ու կենցաղը շատ են տարբերվում իրարից: Գյուղում ապրող Գոհարը, որն ամուսնացել է հարևան գյուղում, ունի երկու մանկահասակ երեխա: Երբ նոր էր ամուսնացել և երեխաներն էլ փոքր էին, հիմնականում զբաղվում էր միայն տնային գործերով: Սակայն, նրա խոսքով, եթե ուզում ես գյուղում լավ ապրել, որոշակի ֆինանսական կայունություն ունենալ, պետք է ընտանքի բոլոր անդամները աշխատեն: Աշխատանքը որոշ չափով թեթևանում է ձմռան ամիսներին, երբ գյուղատնտեսությամբ չես զբաղվում: Փոխարենն ամռան ամիսներին ես շատ աշխատում:
Վաղ գարնանից սկսվում են աշխատանքները: Չկա այնպիսի օր, որ երիտասարդ կինը հողամասում անելիք չունենա: Դեռ լույսը չբացված արթնանում է, անասուններին ուղարկում արոտի: Դրանից հետո մշակում է կաթը, նախաճաշ պատրաստում, ավարտում տան գործերը, որից անմիջապես հետո գնում հողամաս: Հողամասում ամուսնուն հավասար կատարում է ամենատարբեր աշխատանքներ:
Երեխաները մանկապարտեզ չեն հաճախում (գյուղում մանկապարտեզ չկա), որ զբաղմունք ունենան: Ամբողջ օրն իր հետ են, թե տանը, թե հողամասում: Գոհարը հասկանում է, որ երեխաներին ավելի շատ ուշադրություն է պետք, հոգատարություն և խնամք, սակայն ծանր առօրյայի մեջ, մխրճված օրվա հոգսերով՝ երեխաների հետ զբաղվելու ժամանակ գրեթե չի մնում:
Օրն ավարտվում է երեկոյան՝ անասուններին արոտից դիմավորելով և տեղավորելով: Ապա ընթրում են ամբողջ ընտանիքով և հնարավորինս շուտ քնում, քանի որ վաղվա օրը լինելու է նույն ծանր հոգսերով լեցուն:
Երիտասարդ կինը առօրյա խնդիրների մեջ չի հասցնում հասկանալ, թե ինչպես է անցնում ժամանակը: Երազում է ազատ ժամանակի մասին, որ զբաղվի արտաքինի խնամքով և աղջկական ամենատարբեր հետաքրքրություններով: Առողջության պահպանման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Հիվանդանոց գնացել է ծննդաբերելիս, մեկ էլ այն ժամանակ, երբ որևէ օրգան ցավացել է, և այլևս սուր ցավերին դիմանալն անհնար է եղել:
Գոհարի օրինակը մեկն է այն բազմաթիվ կանանց օրինակներից, որոնք հանգամանքների բերումով իրենց ողջ կյանքը գյուղում են ապրում: Հարկ է նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այս կանայք իրենց աշխատանքի դիմաց առձեռն երբևէ չեն վարձատրվում: Նրանց աշխատանքի արդյունքը ներդրվում է գյուղատնտեսության ընդհանուր շրջանառության մեջ և մտնում ընտանեկան բյուջե, որի կառավարմանը շատ հաճախ իրենք չեն մասնակցում:
Կանանց աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույցներն ու հասարակական կազմակերպությունները հաճախ են անդրադառնում կանանց աշխատանքային իրավունքների ոտնահարմանը: Սակայն, գյուղում ապրող կանանց իրավունքների խախտումն ընդհանրական բնույթ ունի և հաճախ աչքի համար տեսանելի չէ: Դրա հոգեբանական կողմն ուսումնասիրելիս է միայն, որ հասկանալի և ակնհայտ է դառնում, թե ինչքան խոցելի են գյուղում ապրող կանայք: