Բայդենն անհանգստություն է հայտնում Վրաստանի «ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Վրաստանում «ժողովրդավարական հետընթացի» վերաբերյալ։

Բայդենի խոսքով՝ վրաստանյան ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու  ընտրողների ահաբեկմամբ։ Նա Թբիլիսիին կոչ է անում հետաքննել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները․

«ԱՄՆ-ն շարունակում է մնալ վրաց ժողովրդի կողքին, աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան նկրտումներին։ Այսօր մենք մտահոգված ենք Վրաստանի ժողովրդավարական հետընթացող, ներառյալ օրենքի ընդունմամբ, որը արտացոլում է Ռուսաստանի օրենսդրությունը։ Այն սահմանափակում է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հիմնարար ազատությունները»:

Բայդենը նշել է, որ Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքն այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ դիտորդները չեն ճանաչում ազատ և արդար։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել, չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը, երկխոսություն սկսել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ վերականգնելու ընտրությունների ամբողջականությունը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին խստորեն հարգել օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունները, որոնք Վրաստանի եվրաատլանտյան ապագայի հիմքն են»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։