ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավանդական ընդունելության հյուրերի ցուցակից հանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, տեղեկացրել է «Ամերիկայի ձայն»-ը:
Բայդենը սեպտեմբերի 25-ին կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի պաշտոնյաներին։
«Ամերիկայի ձայն»-ը պարզել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությանը գլխավորող Կոբախիձեն ի սկզբանե եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և Կոնգրեսի մեկ այլ աղբյուր, «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են հրավերի չեղարկումը:
Վարչապետի հրավերի չեղարկման հետ մեկտեղ, վարչակազմը նաև մերժել է վրացական պատվիրակության և վարչապետ Կոբախիձեի հանդիպումը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, նաև` բոլոր հանդիպումները։
«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ԱՄՆ վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա հավելել է, որ «Վրաստանի կառավարության վերջին գործողություններն ու հայտարարությունները վկայում են ցնցող անհարգալից վերաբերմունքի մասին ժողովրդավարության և վրաց ժողովրդի կամքի նկատմամբ»:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ «Ամերիկայի ձայն»-ին հայտնի էր դարձել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մշակել «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ և քննարկում է դրանք մոտ ապագայում կիրառելու հարցը։