Բայդենի ԱՄՆ նախագահի թեկնածու չառաջադրվելու առթիվ արձագանքներ Թբիլիսիից

Նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշման մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը քննարկման առիթ դարձավ նաև Վրաստանի իշխանական և ընդդիմադիր ճամբարում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվելիք նախագահական ընտրություններին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, իր կարծիքով, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի։

Ուկրաինայում պատերազմի ավարտի համատեքստում Թրամփի հաղթանակի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոսել է հուլիսի 16-ին՝ կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկի միջոցառման ժամանակ։ Ըստ իշխող կուսակցության պատվավոր նախագահի՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի և ԵՄ-ի ընկալումները կփոխվեն Վրաստանի հետ հակամարտության և երկրում իրենց շահերի առումով։

««Գլոբալ պատերազմի կուսակցությունը» զգալի ազդեցություն ունի այսօրվա ամերիկյան և եվրոպական բյուրոկրատիայի վրա, ինչը վրաց հասարակության շրջանում տպավորություն է ստեղծում, որ Վրաստանը կոնֆլիկտ ունի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, սակայն, հենց որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, շահերը կփոխվեն, և այդ ընկալումն ակնթարթորեն կվերանա»,- ասել է Իվանիշվիլին։

Ընդդիմադիր ճամբարում կարծում են, որ «Վրացական երազանքի» անհիմն քարոզչությունը, թե, իբր, Դոնալդ Թրամփի իշխանության գալը նշանակում է ԱՄՆ քաղաքականության փոփոխություն, ռուսական կեղծ քարոզչություն է, ինչը նշանակում է` Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կմնա անփոփոխ:

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի կարծիքով, նախագահական մրցավազքում կհաղթի հանրապետական ​​թեկնածուն, թե դեմոկրատ թեկնածուն՝ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն անփոփոխ կմնա։

«Իվանիշվիլիի քարոզչությունը, թե, իբր, ինքը կկարողանա վերականգնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվի, լիովին սուտ է: Իվանիշվիլիի և Կոնգրեսում նրա շրջապատի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Թրամփին աջակցողներին»,- ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան։

Հիշեցնենք. հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ, ելնելով Դեմոկրատական ​​կուսակցության և ԱՄՆ-ի շահերից, դադարեցնում է նախընտրական քարոզարշավը, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում և կպաշտպանի Կամալա Հարիսի թեկնածությունը։

Վերջերս ամերիկացի դեմոկրատներն ավելի ու ավելի էին անհանգստանում նախագահ Ջո Բայդենի առողջությամբ։ Հունիսի 27-ից հետո, երբ Բայդենն առաջին անհաջող բանավեճն ունեցավ Հանրապետական կուսակցության ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, մի շարք դեմոկրատներ կոչ արեցին ԱՄՆ նախագահին հրաժարվել երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրությունից։

Դեմոկրատները մտավախություն ունեն, որ 81-ամյա Բայդենը չի կարողանա հաջողությամբ պայքարել Թրամփի դեմ՝ տարիքի ու առողջական վիճակի պատճառով, իսկ հաղթանակի դեպքում նրա համար դժվար կլինի արդյունավետ աշխատել ևս չորս տարի։ Բայդենը մինչև հուլիսի 21-ը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել ընտրական քարոզարշավից։