
Դմանիսիում ընդդիմության կողմնակիցներին ֆիզիկական վնասվածք պատճառելու մեղադրանքով ձերբակալվել է իշխող «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուի որդին՝ Դավիթ Դաութաշվիլին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, սեպտեմբերի 21-ին, Դմանիսիի շրջանի Գանթիադի գյուղում նախընտրական հանդիպմանը բախում է տեղի ունեցել, որի ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուի որդին դանակով վնասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներին:
«Ոստիկանները մեղադրյալին բերման են ենթարկել արագ արձագանքման արդյունքում` դեպքից մի քանի ժամ անց, Դմանիսիի շրջանում: Գանթիադի գյուղում տեղի ունեցած բախման մեջ ներգրավված այլ անձինք նույնպես ստացել են տարբեր վնասվածքներ», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ ՆԳՆ-ի, ձեռնարկվում են ինտենսիվ քննչական և օպերատիվ միջոցառումներ` միջադեպի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և համապատասխան իրավական պարտականություններ սահմանելու ուղղությամբ: