Բախում ցուցարարների և ոստիկանների միջև

Թբիլիսիի Ապրիլի 9-ի փողոցում եվրոպամետ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։

InterPressNews լրատվամիջոցի փոխանցմամբ` քաղաքացիական ակտիվիստներն ու լրագրողները սկզբում հավաքվել են խորհրդարանի հետնամուտքի մոտ՝ վանկարկելով «Ազատություն Մզիա Ամաղլոբելիին»։

Դրանից հետո նրանք որոշել են բողոքի ակցիան շարունակել Ապրիլի 9-ի փողոցում՝ խորհրդարանի հարևանությամբ։ Տեղեկության համաձայն, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները և բողոքի ակցիայի այլ մասնակիցներ շարժվել են դեպի Ապրիլի 9-ի փողոց, ոստիկանները սահմանափակել են նրանց տեղաշարժը։

Լրագրողները իրավապահներին բացատրել են, որ իրենք ճանապարհը փակելու մտադրություն չեն ունեցել և ցանկանում են շարունակել բողոքի ակցիան, որից հետո ոստիկանները թույլ են տվել շարժվել մայթով, իսկ որոշ ժամանակ անց նորից արգելել են։

Ի վերջո, լրատվամիջոցների ներկայացուցիչները տեղափոխվել են խորհրդարանի դիմացի տարածք։

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները տարածքից ձերբակալել են երկու հոգու։ Իրավապահները մոբիլիզացված են խորհրդարանի ողջ տարածքում՝ թե՛ հարակից փողոցներում, թե՛ խորհրդարանի հետնամասում գտնվող հրապարակում։