
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Վրաստանն աջակցում է Ուկրաինայի խաղաղ և ժողովրդավարական որոշմանը»,- իր թվիթերյան էջում գրել է Վրաստանի վարչապետը:
Կիրակի՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների 80 տոկոսի ամփոփման արդյունքներով՝ կատակերգու, դերասան Զելենսկին համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ավելի քան 73 տոկոս քվե։ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 24,4 տոկոսը: