Բաթումիում «Երազանքի քաղաք»-ի տարածքում երկու երեխա է մահացել

Բաթումիի ծայրամասում գտնվող շինհրապարակում, որը հայտնի է որպես «երազանքի քաղաք», երկու անչափահաս երեխա է մահացել։ Տեղեկության համաձայն` նրանք 8 տարեկան են եղել:

«Երկու անչափահաս ընկել է ջրով լցված հորը: Ցավոք, նրանց փրկել չի հաջողվել»,- ասվում է Բաթումիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

ՆԳՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է անզգուշությամբ մարդու կյանքը խլելուն։

Անչափահասների որոնողական աշխատանքները տևել են մի քանի ժամ։ Նրանք անհետացել են տան մոտ խաղալիս։ Ողբերգությունը տեղի է ունեցել բուլդոզերի կողմից փորված տարածքում։ Առաջիկայում պետական ​​ծրագրի շրջանակներում նախատեսվում էր այստեղ անվճար բնակարաններ կառուցել սոցիալապես անապահով քաղաքացիների համար։