Բաթումիի քաղաքապետարանն այսօր՝ փետրվարի 18-ին, սկսել է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող ապօրինի կառույցները: Այս մասին ասվում է Բաթումիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։
Բաթումիի բուլվարի կենտրոնական հատվածում գտնվող կառամատույցի մոտ, որտեղ տեղակայված են սննդի հանրաճանաչ մի շարք օբյեկտներ և խանութներ, աշխատում է հատուկ տեխնիկա։ Քաղաքապետարանի փոխանցմամբ, թուրքական ընկերությունը ապօրինի շինություններ է կառուցել լողափի մի հատվածում, որը նրան վարձակալության է տրվել 2010 թվականին: Չնայած բազմիցս զգուշացումներին, ընկերությունը մինչ այժմ հրաժարվում էր ապամոնտաժել շենքերը:
Տեղում են քաղաքացիական ակտիվիստներ և երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» անդամները: Նրանք իշխանություններին մեղադրում են անհավասար մոտեցումների մեջ։
«Բաթումիում կան մի քանի ապօրինի կառուցված շենքեր, այդ թվում՝ մոտակայքում գտնվող «Ամբասադորը» (ռեստորան Բաթումիի բուլվարում)։ Ուրեմն ինչու չեք քանդում այն» — քաղաքապետարանի տեսչության աշխատակիցներին ասել է ակտիվիստներից մեկը: