Բաթումիում կայացել է CASCA+ մուլտիմոդալ երթուղու հերթական վեցակողմ հանդիպումը, փոխանցում է վրաստանյան Netgazeti պարբերականը։
Վրաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղային վարչակազմերի ղեկավարները քննարկել են վերջին բեռնափոխադրումների ցուցանիշները, առկա մարտահրավերները և ապագա զարգացման ու երթուղու ընդլայնման հեռանկարները։
«Վրացական երկաթուղի»-ն հանդիպման ժամանակ ներկայացրել է երթուղու զարգացման նոր ռազմավարությունը, ըստ որի՝ խնայելով լրացուցիչ ծախսերն ու ռեսուրսները, կբարելավվեն տրանսպորտային պայմանները և կիրականացվի կողմերի միջև արագ ու շարունակական հաղորդակցություն։ Ներկայացված ծրագիրը հավանության է արժանացել հանդիպման մասնակիցների կողմից և սահմանվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը։
Աշխատանքային հանդիպմանը կողմերը միաձայն հավանություն են տվել այլ երկրների (Տաջիկստան, Ռումինիա, Բուլղարիա) երկաթուղիները նշված երթուղուն միացնելու նպատակահարմարության մասին առաջարկին։