Բաթումում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, փոխանցում է Radiotavisupleba պարբերականը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իրակլի Չիքովանին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության ջանքերին ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմակրթական, ֆինանսական, նյութատեխնիկական աջակցության և միջազգային կազմակերպություններում համատեղ մասնակցության հարցերի մասին։
Ադրբեջանցի գործընկերոջ հետ երկկողմ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարները խոսել են «հարևան երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորության մասին, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։ Անդրադարձ է եղել նաև ռազմական կրթության խնդիրներին։
Վրաստանի Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ժամանակ Իրակլի Չիքովանին «ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին»։
Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Վրաստանի պաշտպանության նախարարն առանձին հանդիպել է ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը անցկացվում է արդեն տարիներ շարունակ: