Բաթումիում ձերբակալված Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանն ազատ է արձակվել

Բաթումիում ASTORIA GRANDE զբոսանավի ժամանման դեմ հուլիսի 31-ի բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանը օգոստոսի 1-ին ազատ է արձակվել։

Չոբանյանի դատավարությունը հետաձգվել է և կկայանա օգոստոսի 7-ին։ Նրա իրավունքները` 6 այլ կալանավորների հետ միասին, պաշտպանում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի ներկայացուցիչը։

Դատարանն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166 (մանր խուլիգանություն) և 173 (ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվել) հոդվածների խախտման համար։

Չոբանյանն իրեն մեղավոր չի համարում և ասել է, որ իրեն ձերբակալել են բողոքի ցույցի ժամանակ այն պահին, երբ ինքը հեռախոսով խոսում էր:

Չոբանյանն Ուկրաինայի քաղաքացի է, սակայն Վրաստանը նույնպես իր հայրենիքն է համարում և երկու երկրներում էլ ապրում է։  Նրա հայրը Թբիլիսիից է, վրացահայ ընտանիքից, մայրը՝ Ուկրաինայից։

Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով՝ ակցիայի 23 մասնակից է ձերբակալվել: Ըստ ՆԳՆ-ի՝ բոլոր ձերբակալվածներին մեղադրում են վարչական իրավախախտում կատարելու համար՝ մանր խուլիգանություն և ոստիկանի պահանջին չենթարկվել։

Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը:

Հուլիսի 31-ի լուսադեմին ASTORIA GRANDE-ն հերթական անգամ Վրաստան է բերել ռուս զբոսաշրջիկների։ Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև պատերազմի կողմնակիցներ ու պուտինամետ ակտիվիստներ: 

Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությանը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:

Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։