Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Բաթումիում թույլատրել է «Ամբասադոր Բաթումի Այլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)` Սև ծովում արհեստական կղզի կառուցել։
Նշենք, որ վերջին շրջանում «Տերմինալ 1-ի» պատվերով ուսումնասիրություն է կատարվել, որի նախնական արդյունքներով` ներկայացված նախագծի շրջանակներում կղզու կառուցումն անթույլատրելի է համարվել:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացրած դիրքորոշման համաձայն՝ հաշվի առնելով «Տերմինալ 1-ի» և «Ամբասադոր Բաթումի Այլենդ» ՍՊԸ-ի միջև եղած հեռավորությունը, շինարարությունը և դրա հետագա շահագործումը վտանգավոր չեն։
Հիշեցնենք, որ «Ամբասադոր Բաթումի Այլենդ» նախագիծը ներառում է երկու արհեստական թերակղզիների և մեկ կղզու ստեղծում Բաթումիի «Բարցխանա» և «Թամարի» բնակավայրերի ափամերձ ջրերում։ Այս պահին ջրում ընթանում են հողաշինական աշխատանքներ, որոնց ավարտը կպահանջի մի քանի տարի։ Այս փուլում արդեն իսկ պատրաստվել է մինչև 5 հեկտար հողատարածք։ Ենթակառուցվածքների և դրա վրա շենքերի կառուցումը, ըստ գլխավոր հատակագծի, լրացուցիչ ժամանակ կպահանջի։