Ավարտվել է 14 կմ երկարությամբ Բաթումիի շրջանցիկ մայրուղու շինարարությունը, տեղեկացնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 14 կմ երկարությամբ, 2 գոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 20 կամուրջ և 5 թունել։ Ճանապարհը շրջանցում է Բաթումին և ամբողջությամբ ազատում քաղաքը տարանցիկ տրանսպորտից։
Նոր ճանապարհը սկսվում է Մախինջաուրիի մոտից և ավարտվում Խելվաչաուրիում. շրջանցիկ ճանապարհի վրա կազմակերպված են 4 տրանսպորտային հանգույցներ, որոնք թույլ են տալիս տրանսպորտին միանալ շրջակա գյուղերի և Բաթումի մտնող գլխավոր փողոցների հետ։
«Նոր մայրուղին կառուցվել է ճանապարհային անվտանգության միջազգային նորմերին և չափանիշներին լիովին համապատասխան, որտեղ ձեռնարկվել են ճանապարհային անվտանգության բոլոր միջոցառումները և ամենաբարձր ստանդարտի համար ապահովված է ճանապարհային լուսավորության համակարգով»,- հայտնել են նախարարությունից:
Նշվում նաև, որ մինչ Բաթումիի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, բնակելի և զբոսաշրջային տարածքներում շարժվում էին ավտոմոբիլներ, այդ թվում՝ միջազգային տարանցիկ մեքենաներ, ինչը դժվարացնում էր երթևեկությունը՝ առաջացնելով խցանումներ։ Բաթումիի շրջանցիկ ճանապարհը Քոբուլեթիի շրջանցման հետ միասին ամբողջությամբ կթեթևացնի Աջարիայի առողջարանային գոտու երթևեկությունը, կբարելավի քաղաքում ապրելու և հանգստի պայմանները։ Նոր ճանապարհը էապես կնպաստի թողունակության և տարանցիկ բեռնաշրջանառության ավելացմանը։
«Բաթումիի շրջանցիկ ճանապարհն Արևելք-Արևմուտք եվրոպական մայրուղու (E70) բաղկացուցիչն է, որը սկսվում է Իսպանիայում, անցնելով 8 երկրներով՝ ավարտվում է Փոթիում: Նշված միջազգային միջանցքը կարևոր է Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների միջև առևտրային հարաբերությունների, զբոսաշրջային ուղևորությունների և մշակութային կապերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բաթումիի շրջանցիկ ճանապարհաշինության ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկից (ADB) և Ասիական ենթակառուցվածքի ներդրումների բանկից (AIIB) ստացված և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ վարկերի շրջանակում, որի արժեքը կազմել է 330 մլն լարի։