
Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի ընկեր Բեքա Խոփերիան երկնաքեր է կառուցում Բաթումիում։ Դգեբուաձեն հենց այն ոստիկանն է, որին ապտակելու համար «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:
«Բաթումելեբի»-ի փոխանցմամբ՝ «Ալպեկա Բաթումի» ՍՊԸ-ն պատրաստվում է Թամարի բնակավայրի ծովափին երկնաքեր կառուցել։ Ընկերությունը պնդում է, որ սա կլինի Բաթումիի ամենաբարձր շենքը։ Ընկերության սեփականատեր Խոփերիան «Վրացական երազանք»-ի ակտիվ աջակից Խաթունա Խոփերիայի որդին է։ Բացի դրանից, «Ալպեկա Բաթումի» ՍՊԸ-ի վարչական տնօրենը Թաթա Դգեբուաձեն է՝ Իրակլի Դգեբուաձեի հորեղբոր որդին:
Խաթունա Խոփերիայի որդին՝ Բեքա Խոփերիան, 2019 թվականից ակտիվորեն ներգրավված է շինարարության ոլորտում։ Մինչ այդ նա եղել է մի քանի ընկերությունների համասեփականատեր։ 2019 թվականից նա Թբիլիսիի հեղինակավոր վայրերում շինարարության թույլտվություններ է ստացել։