Մարտի 23-ին Բաթումիում հաստատված կորոնավիրուսի 3 դեպքն էլ կապ ունեն արտերկրի հետ:
Վարակվածներից մեկը եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է՝ հաստատել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն: Բոլոր 3-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ըստ նրա՝ նշված եվրոպացին կորոնավիրուսի թեստ հանձնել է դեռևս վրաստան ժամանելը, իսկ գալուն պես ինքնամեկուսացվել է Բաթումիի հյուրանոցներից մեկում: Իր երկրից ստանալով պատասխան, որ թեստը դրական է, նա անմիջապես դիմել է բժիշկներին: Եվրոպական երկիրը պատրաստակամություն է հայտնել օգնել իր քաղաքացուն՝ հայրենիք վերադառնալու հարցում ու նրա ետևից ինքնաթիռ կուղարկվի:
«Մթավարի արխի» հեռուստաընկերության վարակածով՝ խոսքն Ավստրիայի քաղաքացու մասին է, ով ռուսական ավիաընկերության օդաչու է: Լրատվամիջոցները գրում են, որ նա ինքնամեկուսացված էր «Հիլթոն Բաթումի» 5 աստղանի հյուրանոցում, դեպքից հետո հյուրանոցը փակվել է և ախտահանվում է:
Ըստ նախարարի՝ երկրորդ դեպքը կապ ունի ԱՄՆ այցի հետ: Վարակակիրը երկքաղաքացի է՝ (Վրաստան, ԱՄՆ), նա ևս ինքնամեկուսացման մեջ է եղել, երբ ջերմությունը սկսել ա բարձրանալ, տեղափոխվել է կլինիկա, որտեղ հաստատվել է, որ վարակված է:
3-րդ պացիենտը ևս Վրաստան է եկել արտերկրից, նրա ճանապարհորդությունն այս պահին ուսումնասիրվում է: Աջարիայում մինչ այս պահը լաբորատոր հաստատված 6 դեպք է եղել: stopcov.ge հատուկ կայքի տեղեկություններով՝ մարտի 24-ի պատկերը հետևյալն է. վարակված է 61, կարանտինում է՝ 3320, հատուկ հսկողության տակ՝ 235 մարդ:
Վրաստանում արտակարգ դրություն է: Նախօրեից սկսած՝ խիստ կարանտինային ռեժիմ՝ Մառնեուլիում ու Բոլնիսիում: Նշված շրջաններ բնակիչներին երկու շաբաթով արգելվել է ներս ու դուրս անել: Բուժաշխատողները ծրագրում են այցելել բոլոր ընտանիքներ ու ստուգել՝ արդյո՞ք ունեն կորոնավիրուսի նախանշաններ: