Հուլիսին Աջարիայի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել Բաթումիի «սբ․ Թեոդորե Աջարացու անվան եկեղեցու» վերանորոգման մասին: Հայտարարության մեջ նշված է, որ եկեղեցին վերանորոգելու համար «Քարթու» հիմնադրամը, որն ըստ շրջանառվող լուրերի պատկանում է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին, Գամսախուրդիայի համար 35 փողոցում տեղակայված եկեղեցու վերանորոգումը մեկնարկել է՝ հատկացնելով 700 000 լարի գումար: Ընթացիկ աշխատանքներին ծանոթացել է Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Մայա Խաջիշվիլին և գործակալության ղեկավար Զաուր Ախվլեդիանին:
Նաև, հայտարարության մեջ նշված է, որ տվյալ եկեղեցին ուղղափառ է և գտնվում է պատրիարքարանի ենթակայության տակ: Հենց այս հատվածն էլ աղմուկ է բարձրացրել հայ և վրացի գործիչների շարքում:
Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին կիսվել է նյութով ու ֆեյսբուքյան իր էջում գրել․ «Պատրիարքարանի, իշխանության ու Քարթու հիմնադրամի հերթական ապօրինությունը և յուրացումը: Բաթումիում պատմական հայկական կաթոլիկ եկեղեցին, անամոթաբար արդեն իշխանությունն ու պատրիարքարանը հայտարարել են ուղղափառ»:
Վերականգնողական աշխատանքների նախագիծը 2017 թվականին ձեռք է բերել Աջարիայի Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը: Հենց այդ տարի փետրվարին փոթորիկի հետևանքով վերջնականապես քանդվել էր եկեղեցու տանիքը: Կառավարությունը, սակայն, հայտարարել էր, որ այն նորոգելու միջոցներ չունի: Մինչ այդ էլ, աղմուկ էր բարձրացել եկեղեցու հարակից տարածքում ընթացող տան շինարարությունը: Վիրահայոց թեմի նախկին առաջնորդը նույնպես խոսել էր եկեղեցու մասին: Ըստ նրա, պետք է բանակցություններ տարվեին իշխանությունների հետ, որպեսզի եկեղեցին վերադարձվեր հայկական կողմին:
Բաթումիի հայ կաթողիկե եկեղեցին 1877 թվականին կառուցել են հայ կաթոլիկները՝ իրենց իսկ միջոցներով: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես մարզադպրոց, որը փակվել է Վրաստանի անկախացումից հետո ու այլևս չի վերաբացվել: 2011 թվականին Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն այն փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։
«Բաթումի» հասարակական կազմակերպության հիմնադիր Շոթա Գուջաբիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է․
«Որևէ հետք, որ եկեղեցին հայկական է, չկա, բացի բովանդակությունից, պատերին ո՛չ մի տեսակի որմնանկար չկա, քանի որ խորհրդային տարիներին այստեղ գործում էր սպորտ դպրոց: Միակ հետքն այն է, որ եկեղեցին հայկական կաթոլիկ եկեղեցի է ու ոչ մի վերանորոգում չի կարողանա թաքցնել այդ հետքը»:
«Ալիք Մեդիան» զրուցեց նաև Թբիլիսիի հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ հայր Միքայել Խաչկալյանի հետ: Վերջինիս խոսքով, հարցն օրակարգում է արդեն մի քանի տարի շարունակ, քննարկվում է նաև դատարանին դիմելը՝ եկեղեցին հայ կաթոլիկներին վերադարձնելու նպատակով:
«Այն տարիներին այս եկեղեցու հետ միասին բազմաթիվ եկեղեցիներ ևս փոխանցվել են պատրիարքարանին: Հարցին պետք է օրենքին համաձայն վերաբերվել, դատարանի միջոցով»,- ասում է հայր Միքայել Խաչկալյանը:
Վիրահայոց թեմում որպես Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբարյանի խոսքով, Բաթումիում հայ կաթոլիկ համայնք չկա, վիճակագրական տվյալներ չկան, թե ինչքան է կազմում հայ կաթոլիկների ընդհանուր թիվը: