Բաթումիում Սամտրեդիայի քննչական մեկուսարանից ազատվելուց անմիջապես հետո ձերբակալվել է դրոշակակիր Գափփար Իլմազը, նույն ինքը՝ Թեմուր Քաթամաձեն, որ եվրոպամետ ցույցերի մասնակից է։
Նախկինում նա վարչական կարգով ձերբակալվել էր հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որից հետո հինգ օր անցկացրել է Սամտրեդիայի մեկուսարանում։
Քաթամաձեի երկրորդ ձերբակալության կադրերը Facebook-ում տարածել է Բաթումիի քաղաքային խորհրդի անդամ, «Վրաստանի համար» կուսակցության անդամ Ակակի Գվիանիձեն։
Գվիանիձեն ասել է, որ Քաթամաձեն Թուրքիայի քաղաքացի է. մուհաջիրների ժառանգ է, և որ իրեն կրկին ձերբակալել են, ենթադրաբար՝ «ներգաղթի հետ կապված խնդիրների պատճառով»։ Քաթամաձեն Վրաստանի դրոշով մշտապես մասնակցում է բողոքի ակցիաներին։
Հիշեցնենք. հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար ձերբակալվել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների տնօրեն և հիմնադիր Մզիա Ամաղլոբելին, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել։ Ազատվելուց մի քանի րոպե անց նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքով։ Նա մեղադրվում է Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար, և դատախազությունը նրա համար պահանջում է 4-7 տարվա ազատազրկում։